Մայիսի 9-ը Եվրոպայի օրն է․ այս տարի լրանում է պատմական նշանակություն ունեցող «Շումանի Հռչակագրի» 70-ամյակը։
1950 թվականին Փարիզում Ռոբերտ Շումանը` այդ տարիներին Ֆրանսիայի արտգործնախարարը, իր ելույթում առաջարկել է Եվրոպայի քաղաքական համագործակցության մի նոր բանաձև, որի նպատակը Եվրոպայի ազգերի միջև պատերազմի գաղափարի բացառումն էր՝ հիմնարար արժեքների և սկզբունքների հենքի վրա եվրոպական ինտեգրման գործընթացը կառուցելու և ռեսուրսները համախմբելու միջոցով։
Եվրոպայի պատմության մեծագույն ողբերգության՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 75-ամյակի տարեդարձի կապակցությամբ, մենք հարգանքի տուրք ենք տալիս միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին և նշում ենք խաղաղության, հաշտեցման, միասնության, համերաշխության և համագործակցության տոնը, որոնք խարսխված են Եվրոպական միության հիմնարար արժեքների վրա։
ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի ժամանակաշրջանում միավորված լինելը, օգնության ձեռք մեկնելը և Հայաստանի մեր գործընկերներին աջակցելը ծայրաստիճան կարևոր է։ Ապագայի վրա կենտրոնացումը և մարդկանց կյանքի բարելավման ձգտումը մեր ընդլայնվող և ամրապնդվող հարաբերությունների ուղենիշն է։ Այս մարտահրավերներով հագեցած ժամանակաշրջանում մեր ընդլայնված գործընկերությունն անցնում է փորձություն՝ ապացուցելով իր ամրությունը և ապագա ներուժը ուղղված դիմակայունությանը և արդիականացմանը: