Ազգային ժողովում այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձավ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի վերջերս արված հայտարարությանը, թե բարձրացել է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։
Պատգամավորը շեշտեց՝ Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ հնչող ռազմատենչ հայտարարությունները որևէ մեկի համար նորություն չեն։ Ընդգծելով դրանց հստակ քարոզչական բնույթը՝ Հարապետյանը վերահաստատեց հայկական կողմի դիրքորոշումը՝ չեն կարող լինել խաղաղ և արդյունավետ բանակցություններ ատրճանակի սպառնալիքի ներքո։ «Ընդհանրապես սպառնալիքի կիրառման լեզուն մեզ համար անընդունելի է»,- ասաց Հայրապետյանը։
Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ Ադրբեջանը հստակ ցույց է տալիս իր այլատյաց քաղաքականությունը։ Պատգամավորի խոսքով՝ նման դրվագներից են ադրբեջանցիների կողմից 1988-ին Գանձակում ԽՍՀՄ հերոս մարշալ Բաղրամյանի կիսանդրու, Շուշիում՝ ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի արձանի ոչնչացումը և այլն:
Պատգամավորը նշեց՝ «Հարսանիք լեռներում» գործողությունը հստակ ցույց է տալիս մեր քաջությունը, անփոփոխ ու անզիջում դիրքորոշումը մեր կենսական անվտանգությանը վերաբերող հարցերում։