ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ Պեկինն արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի արևմտյան երկրները ժամանակին չիմանան ո՛չ կորոնավիրուսային համաճարակի իրական չափի, ոչ էլ վարակի հետևանքով առաջացած առողջական ռիսկերի մասին: Չինաստանի գործելակերպը նա որակել է «կոմունիստական ապատեղեկատվության դասական փորձ» և հավելել, թե հիմք չկա կասկածելու, որ վիրուսը ստեղծվել է մարդկանց կողմից:
Վտանգը առկա է, համաճարակը շարունակվում է: Չինաստանի կոմունիստական կուսակցությունը մերժել է արևմտյան պետությունների հետ համագործակցությունը, որոնք այս ոլորտներում ունեն լավագույն մասնագետներ, ասել է Պոմպեոն:
Associated Press-ը նշել է, որ ըստ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության, Չինաստանի իշխանությունները թաքցրել են կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տվյալները, որպեսզի հասցնեն ձեռք բերել բժշկական սարքավորումներ և մեծացնեն անձնական պաշտպանիչ միջոցների արտադրությունը:
Չնայած նախօրեին հայտարարվել էր, որ Միացյալ Նահանգներում համաճարակի գագաթնակետն ավարտվել է, այսօր կորոնավիրուսով վարակված ամերիկացիների թիվը հասել է 1 միլիոն 200 հազարի, վերջին մեկ օրում COVID-19-ով մահացել է 1450 մարդ, մահացածների ընդհանուր թիվը հասել է 68 հազարի: