Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ ԲՏԱ նախարարի՝ արդեն նախկին տեղակալ Արմեն Աբրոյանին համատեղ աշխատանքի և նվիրումի համար։
«Հարգելով պարոն Աբրոյանի որոշումը՝ վերադառնալու մասնագիտական գործունեությանը, պետք է փաստեմ, որ նախարարությունը լուրջ ինստիտուցիոնալ ձեռքբերումներ և աշխատանքներ է իրականացրել նրա շնորհիվ։ Այդ նախաձեռնությունները մեր թիմը կշարունակի կյանքի կոչել և ընդլայնել։
Նաև ցանկանում եմ ընդգծել, որ Աբրոյանը Հայաստանի լավագույն մասնագետներից է։
Հաջողություն եմ մաղթում բոլոր նախաձեռնություններում և համոզված եմ, որ կշարունակենք համագործակցությունը՝ ուղղակի այլ ձևաչափով»։
Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբրոյանն ապրիլի 30-ին ազատվել էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից: