«Լուրեր»-ում այսօր մարդիկ իրար չեն բարևում: Նայում են իրար, հայացքները փախցնում ու լուռ աշխատում՝ արցունքոտ աչքերով: Առավոտյան բոլորը հանգիստ էին, Աշոտի հետ երեկ խոսել էին հեռախոսով կամ գրել: Հանգիստ էին, որ արդեն պալատում է: 3 ստենտ էին տեղադրել սրտին, վիճակը կայուն էր, սպասում էին նրա վերադարձին: Լուսադեմին հայտնի դարձավ, որ Աշոտին այլևս չեն տեսնի, նրա մոնտաժայինում այլևս երբեք աղի ձողիկների ու կոնֆետների առատություն չի լինի:
Աշոտի մոնտաժած վերջին ռեպորտաժը 112-ամյա Մարի Կիրակոսյանի մասին էր՝ Կոմիտասի իրական ձայնը լսած հայուհու: Լրագրող Մայա Խաչատրյանի հետ կատակել էր, թե «սիրտս չդիմացավ՝ այս ռեպորտաժից հետո տարան հիվանդանոց»:
Վերջին երկու օրերին գործընկերները Աշոտի հետ էին, անընդհատ զանգեր ու գրառումներ, որոնք միայն վերադարձի մաղթանքներ էին: Նա խոստացավ բոլորին՝ իր սիրած «հարազատ ջան» արտահայտությամբ: Խոստումը չպահեց...
Աշոտ Սարգսյանը ծնվել էր 1976 թ. նոյեմբերի 21-ին: Աշխատել է տարբեր հեռուստաընկերություններում: Հանրային հեռուստաընկերությունում էր աշխատում 2015-ից: Ամուսնացած էր, ուներ 2 աղջիկ:
Աշոտ Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 29-ին, ժամը 17։30-ին, Դաշտենցի փող., 68/1 հասցեում գտնվող «Եդեմ» սգո սրահում: