Արցախի հետ Բելգիայի հոլանդախոս պատգամավորների բարեկամության խումբը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներին:
Շնորհավորական նամակում բարեկամության խմբի անդամները ողջունում են ժողովրդավարական ճանապարհով իրենց երկիրը կազմակերպելու Արցախի ժողովրդի հանձնառումը, որը նրանք հաջող իրականացնում են, ի հեճուկս պարտադրված մեկուսացման և բազում դժվարությունների: Նրանք նշում են, որ ցավոք չկարողացան մասնակցել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի կողմից կազմակերպած Արցախի ընտրությունները դիտարկելու անկախ առաքելությունը, որը համավարակի պատճառով չեղյալ հայտարարտվեց:
Նամակում պատգամավորները նաև շեշտում են, որ Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը հակամարտության կարգավորման բանակցություններին անհրահեշտ է և վճռորոշ: Նրանք նաև նշում են, որ բարեկամության խումբը հիանալի գործնական հարաբերություններ էր հաստատել Արցախի նախկին իշխանությունների հետ և իրենց պատրաստակամությունն են հայտնում համագործակցության բարձր մակարդակը պահպանել Արցախի Հանրապետության նորընտիր իշխանությունների հետ ևս: