Աշխարհի բոլոր մարդկանց մտքերում ու սրտերում դեռևս դաջված են Հայոց ցեղասպանության պատկերները: Հայերի համակարգված կոտորածին է անդրադարձել SANA գործակալությունը՝ նշելով, որ թեպետ 105 տարի է անցել Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից, սակայն ցեղասպանության հետևանքները մինչև այսօր դեռևս լսելի են աշխարհի տարբեր ծայրերից:
Այս ցեղասպանությունը մարդկության դեմ իրականացված վայրագությունների ամենասարսափելի դրսևորումներից մեկն է: Այսօր էլ Էրդողանի ռեժիմն այդ բռնությունը կիրառում է այդ տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների դեմ՝ հետևելով այլևս գոյություն չունեցող Օսմանյան սուլթանության օրինակին:
SANA գործակալությունը գրում է, որ Հայոց ցեղասպանությունը մեծ հարված է հասցրել հայերին, և ամենասարսափելին այն է, որ հայերը հայրենազրկվել են և ունեզրկվել, տեղահանվել են ու սփռվել աշխարհի տարբեր հատվածներով:
Չնայած հարյուրամյակներ շարունակ թրքացվելուց տառապած՝ սիրիացիներն առաջիններից մեկն են եղել, որ գրկաբաց ընդունել են ցեղասպանությունից փրկված հայերին: