Իրանը կոչնչացնի ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող ռազմանավերը, եթե Թեհրանի անվտանգությունը վտանգվի Պարսից ծոցի տարածաշրջանում: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ղեկավար Հոսեյն Սալամին Իրանի պետական հեռուստատեսությամբ՝ տեղեկացնում է New York Times-ը:
«Մեր երկրի ռազմածովային ուժերին հրահանգել եմ ոչնչացնել Պարսից ծոցում ԱՄՆ ահաբեկչական ցանկացած ուժ, որը կսպառնա Իրանի ռազմական կամ ոչ ռազմական նավերի անվտանգությանը»,-ասել է Հոսեյն Սալամին:
Հոսեյն Սալամին նշել է, որ Պարսից ծոցի անվտանգությունն Իրանի ռազմավարական առաջնահերթությունների մաս է կազմում:
Իրանական կողմը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավելի վաղ արված այն հայտարարությանը, որ Միացյալ Նահանգները կոչնչացնի իրանական ռազմանավերը, եթե դրանք վտանգ ներկայացնեն ԱՄՆ ռազմածովային ուժերին: