Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հասարակությանը ինֆորմացիան ճիշտ հասցնելու խնդրին՝ ընդգծելով, որ սա կարևոր է հասարակության մոտ ակնկալիքները ճշգրիտ ձևակերպելու համար:
«Առողջապահության ոլորտը բազմաշերտ է, և երբ ասում ենք՝ պետպատվերի շրջանակն ընդլայնում ենք, չի նշանակում, որ ամեն ինչ դառնում է բացարձակ անվճար: Դա նշանակում է, որ կա ծառայությունների մի շրջանակ, որն իրականացվում է պետության հաշվին: Բայց, այնուամենայնիվ, այդ շրջանակն անսահման չէ»,- ասել է նա:
Փաշինյանի խոսքով՝ մարդիկ պետք է իմանան՝ Կառավարության կայացրած որոշումների արդյունքում ինչ փոփոխություններ են սպասվում իրենց կյանքում:
«Որովհետև մարդիկ ուզում են կամ ամեն ինչ լինի պետպատվեր, եթե ամեն ինչ պետպատվեր ընկալումն այն է, որ ոչինչ էլ պետպատվեր չի: Նկատի ունեմ՝ տեղեկատվությունը փոխանցելու պրոբլեմ մենք ունենք»,- ասաց նա՝ հավելելով՝ ունեն հաղորդակցության խնդիր:
«Մենք հաղորդակցության մեծ խնդիր ունենք, որպեսզի ճիշտ հասցնենք տեղեկատվությունը, որովհետև ակնկալիքները պետք է ճշգրիտ ձևակերպենք, որպեսզի մարդիկ հետո չմտածեն, թե պետական մակարդակով իրենց խաբում են: Սա շատ կարևոր է»,- ասաց վարչապետը: