Իրանի հեղափոխության պահապանների կորպուսին պատկանող 11 նավեր վտանգավոր կերպով մոտեցել են Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ռազմանավերին: Հղում անելով ամերիկյան զինվորականներին՝ հաղորդում է Reuters-ը: Վերջիններիս գնահատմամբ՝ դա «վտանգավոր սադրանք է»:
Թեև ամերիկյան և իրանական նավերը նախկինում էլ են միմյանց մոտ գտնվել, բայց դա հատկապես վտանգավոր է համարվում երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս լարվածության ֆոնին:
Ամերիկյան կողմի հայտարարության համաձայն՝ իրանական նավերը մոտեցել են հենց այն ժամանակ, երբ ամերիկյան ռազմանավերը ուղղաթիռների ուղեկցությամբ վարժանքներ էին իրականացնում: