ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ոստիկանության հարգելի սպաներ և ծառայողներ,
Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Դուք ձեր կարևոր առաքելությունն ու դերն ունեք Նոր Հայաստանի՝ մեր երազանքների Հայաստանի ամենժամյա կերտման գործընթացում։ Հենց դու՛ք եք մեր հասարակության համար հիմնաքարային սկզբունքների՝ իրավունքի գերակայության և օրենքի իշխանության առաջնային պահապանն ու իրականացնողը։ Դու՛ք եք գտնվում հանցավորության դեմ պայքարի և հասարակական անվտանգության ապահովման առաջնագծում, և այստեղ ձեր մշտական ուղեկիցը պիտի լինեն քաղաքացիներին ծառայելու առաքելության գիտակցումը, օրենքների իմացությունը և անհրաժեշտ պահերին անվարան գործելու վճռականությունը։
Այո, հանրային ծառայության մյուս ոլորտների պես, դու՛ք էլ կաք և պիտի լինեք քաղաքացիների քննադատության մշտական թիրախ, ինչը միայն կատարելագործվելու առիթ պիտի լինի ձեր համար։ Միաժամանակ, սակայն, ձեր ծառայության և ձեռքբերումների համար դուք կաք և պիտի լինեք նաև հասարակության երախտագիտության հասցեատերը։
Այս օրերին համավարակի և արտակարգ դրության պայմաններում ձեր անձնվեր ծառայությունը կարևոր է այդ վարակի դեմ պայքարում: Բժիշկների պես, վարակի դեմ պայքարը և հետևաբար նաև մարդկանց կյանքերը նաև ձեզանի՛ց են մեծապես կախված, և հասարակության ուշադրությունը նաև ձե՛զ է մեծապես ուղղված։
Վստահ եմ, որ դուք ևս ունեք անհրաժեշտ գիտակցումն ու վճռականությունը և շարունակելու եք ձեր անխոնջ և անմնացորդ ծառայությունը։ Ձեզ բարի ծառայություն»։