Իրանի նախագահ Հասան Ռոհանին Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) կոչ է արել 5 միլիարդ դոլար տրամադրել Փեհրանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Մարտի կեսերին Իրանի իշխանությունները նման խնդրանքով դիմել էին ԱՄՀ-ին, սակայն Թեհրանը դեռ չի ստացել պահանջվող գումարը: Իրանական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթի ժամանակ Ռոհանին այդ հարցում մեղադրել է Սպիտակ տանը՝ ԱՄՆ-ին անվանելով տնտեսական և բժշկական հարցերով ահաբեկիչ:
Խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարի ոլորտում գիտական և բժշկական նվաճումների մասին՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ երկիրը շուտով կկարողանա իրեն ապահովել կորոնավիրուսի լաբորատոր թեստերով:
Իրանից ստացված վերջին տվյալների համաձայն՝ մեկ օրում կորոնավիրուսից վարակվել է 1997 մարդ՝ վարակակիրների թիվը հասցնելով 64.586-ի: Մահացել է 121 հիվանդ, մահացածների ընդհանուր թիվը 4003-ն է, 29812 հիվանդ էլ բուժվել է: