Բարձր ռիսկայնությամբ երկրներից Վրաստան մուտք գործող բոլոր քաղաքացիները պարտավոր կլինեն անցնել երկշաբաթյա կարանտին: Այս մասին, 1tv.ge-ի փոխանցմամբ, տեղեկություն է տարածել Վրաստանի կառավարության համապատասխան վարչությունը:
Վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհուրդն, ըստ նույն աղբյուրի, այսօր հերթական նիստն է անցկացրել:
«Վրաստանի սահմանը հատելիս գործում են որոշ սահմանափակումներ ինչպես Վրաստանի, այնպես էլ արտասահմանյան երկրների քաղաքացիների համար: Մասնավորապես, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված համաճարակային բարձր ռիսկայնությամբ երկրներից հայրենիք վերադառնալիս Վրաստանի քաղաքացին պարտավոր է սահմանային անցակետում անցնել ստուգում և 14-օրյա պարտադիր կարանտին: Վրաստան մուտք գործած արտասահմանյան երկրների քաղաքացիները, որոնք վերջին 14 օրերի ընթացքում գտնվել են կամ ճամփորդում էին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված համաճարակային բարձր ռիսկայնությամբ երկրներում, կենթարկվեն ինտենսիվ ստուգման և կա՛մ կանցնեն 14-օրյա պարտադիր կարանտին, կա՛մ սահմանին կներկայացնեն կորոնավիրուսի (COVID -19), ստուգման PCR տեղեկանք, որը պետք է տրված լինի մեկնման երկրի համապատասխան լաբորատորիայի կողմից, իսկ տարանցիկ ուղևորության դեպքում՝ տարանցիկ երկրի համապատասխան լաբորատորիայի կողմից»,- նշված է նիստից հետո կառավարության տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 49 մարդ, իսկ փետրվարի 6-ին Վրաստանում գրանցվեց կորոնավիրուսի միանգամից 5 դեպք, Վրաստանի կառավարությունը ժամանակավորապես դադարեցրեց Իտալիայի ուղղությամբ օդային փոխադրումները: