Այսօր Վիեննայում կմեկնարկի Իրանի և միջազգային միջնորդների «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ֆրանսիա), հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (JCPOA) հետագա իրականացման հարցը: Այս հանդիպումն առաջինն է լինելու «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա), այն հայտարարությունից հետո, ըստ որի՝ Իրանի կողմից կամավոր ստանձնած պարտավորությունների կատարման շեղումների պատճառով անհրաժեշտ է ներդնել միջուկային համաձայնագրի շուրջ վեճերը լուծելու մեխանիզմ:
Ըստ ТАСС-ի՝ հանդիպումն, ինչպես միշտ, կանցկացվի Վիեննայի «Կոբուրգ» հյուրանոցում, և այն կգլխավորի ԵՄ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը:
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե այս հանդիպումը հնարավորություն կընձեռի դադարեցնել համաձայնագրի շուրջ լարումը, քանի դեռ ուշ չէ:Նշենք նաև, որ Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: