Արցախի Քաշաթաղի շրջանում ապրող Ալեքսանդր Քանանյանը, որ շուրջ երկու շաբաթ հացադուլի մեջ էր՝ Հանրապետությունում փոքր ՀԷԿ-երի գործունեությունը դադարեցնելու պահանջով, այսօր հայտարարություն է տարածել՝ դուրս գալով հացադուլից: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ։
Ուրախ եմ տեղեկացնելու բոլորիդ, որ Քարվաճառում տարածքի կայուն համապարփակ վերաբնակեցումն ու զարգացումը խաթարող և բնապահպանական աղետալի վիճակ ստեղծող փոքր ՀԷԿ֊աշինության կասեցման ուղղությամբ պայքարի առաջին փուլն ավարտվել է։
Ստեղծվել է ներկայացուցչական հանձնաժողով, որը պետք է քննի գործող ՓՀԷԿ֊երի նախագծման և շահագործման համապատասխանությունն օրենսդրությանը և բնապահպանական չափորոշիչներին։ Կիսակառույց ՓՀԷԿ֊երը ենթակա են ուսումնասիրության՝ դրանց թույլտվության բնապահպանական պահանջներին և օրենսդրությանը համապատասխանության տեսանկյունից:
Վերոնշյալն ինձ թույլ է տալիս կայացնել ՀԱՑԱԴՈՒԼԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ որոշումը և լինել իր իրավունքների համար քաղաքացիական կամք դրսևորած հայրենակիցներիս կողքին։
Նորակազմ հնձնաժողովին մաղթում եմ հաջողություն, կամք և վճռականություն՝ ազգի և սեփական խղճի առջև պատշաճ և պատասխանատու կերպով աշխատանքները ծավալելու և անհարկի միջամտություններից զերծ մնալու համար։ Բոլորս ապավինում ենք ձեր խոհեմությանն ու բարեխղճությանը և աչալրջորեն հետևելու ենք, որ հանձնաժողովը չշեղվի իր մասնագիտական պարտավորությունների շրջանակից։
Միաժամանակ վերահաստատում եմ, որ Քարվաճառի բնակչության պաշտպանած, իմ ձևակերպած և Հայաստանի ազգային անվտանգության հրամայականից բխող բոլոր պահանջները լիովին ուժի մեջ են և չեն փոխվելու։ Քարվաճառում ոչ մի նոր ՓՀԷԿ չի կառուցվելու, իսկ կառուցման փուլում գտնվողներն ապամոնտաժվելու են։ Այս պահանջից երբեք նահանջ չի լինի, իսկ 2019 թ․ դեկտեմբերի 1֊ի դրությամբ գործող ՓՀԷԿ֊երը կենթարկվեն խստագույն վերահսկողության։
Իմ հորդորն եմ հղում Քաշաթաղի և ողջ Արցախի բնակչությանը՝ քարվաճառցիների պես դրսևորել քաղաքացիական կամք և հասունություն, որպեսզի այլուր ևս համարձակաբար քննվեն ՓՀԷԿ֊աշինության հարուցած ծանր խնդիրները և դրանց լուծման արդյունավետ ուղիները։
Այսուհետև Հայաստանի Հանրապետության անքակտելի բաղկացուցիչ մաս կազմող Արցախի էներգահամակարգը պետք է զարգացվի պատասխանատու և համալիր ռազմավարության հիման վրա, որը կբացառի լեռնային գոտիների վերածումը հումքային կցորդի, այլ ներդաշնակաբար կնպաստի այդ տարածքների լիակատար բնակեցմանը և կայուն վերընթաց տնտեսական զարգացմանը։
Ամենախորին երախտագիտությունս եմ հայտնում պայքարի այս առաջին փուլում քարվաճառցիներիս աջակցած և մեզ միացած բոլոր հայրենակիցներիս, հատկապես ինձ զորավիգ եղած հացադուլավոր Մհեր Պողոսյանին, որին նույնպես հորդորում եմ հացադուլից դուրս գալ և նախանձախնդրորեն լծվել այս և այլ խնդիրների լուծմանը։
Վերստին՝ խոնարհումս և հարգանքս յուրաքանչյուրիդ, իմ հարգելի և շատ սիրելի հայրենակիցներ»։