Հայաստանը դարձել է աշխարհի ամենաարագ աճող զբոսաշրջային ուղղություններից մեկը: Այս մասին գրում է ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպության կայքը: UNWTO-ի «Զբոսաշրջային բարոմետրի» տվյալով՝ ամենաարագ զարգացող ուղղությունների շարքում Հայաստանը 12-րդն է՝ 14․4 տոկոս աճով։
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն՝ ամենամեծ աճը գրանցել է Մյանման՝ 40․2 տոկոս։ Զբոսաշրջության աճով հարևան երկրներից միայն Իրանն է գերազանցել Հայաստանին՝ աշխարհում գրավելով երրորդ տեղը՝ 27․9 տոկոս աճ։ ԵԱՏՄ պետությունների թվում Հայաստանն անվիճելի առաջատարն է. նրան հաջորդում է Ղազախստանը: Այս երկիրը զբաղեցնում է 20-րդ տեղը՝ 10 տոկոս աճով։
Զբոսաշրջության աճի ցանկում Թուրքիան և Ադրբեջանը հետ են մնացել Հայաստանից՝ զբաղեցնելով, համապատասխանաբար, 13-րդ և 17-րդ տեղերը՝ 14 և 11․4 տոկոս աճով։