Իսրայել-Եգիպտոս գազատարի՝ Սինայի թերակղզով անցնող հատվածի ուղղությամբ դիվերսիոն հարձակում է իրականացվել: Այս մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ հարձակումն իրականացվել է Սինայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բիր ալ-Աբդ քաղաքի մոտակայքում:
Associated Press գործակալությունն էլ հայտնել է, որ հարձակման մեջ ներգրավված են եղել առնվազն վեց զինյալներ: Սակայն, ոչ մի ահաբեկչական կազմակերպություն դեռևս պատասխանատվություն չի ստանձնել գազատարը վնասելու համար:
Ի դեպ, կատարվածը չեն մեկնաբանել նաև Եգիպտոսի իշխանությունները: Փոխարենը՝ Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցն է կարճառոտ բացատրություն տվել:
«Այս պահին Իսրայելի գազն արդեն անխափան կերպով հոսում է դեպի Եգիպտոս: Պայթյունի մասին հաղորդումները նախարարությունը ստուգում է համապատասխան կազմակերպությունների և փորձագետների հետ համատեղ»,- իսրայելական KAN գործակալության համաձայն՝ ասել է Շտայնիցը: