Ազգային ժողովում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ԵԽԽՎ համազեկուցողների և Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջաննի Բուքիքիոյի հայտարարությանը, նշել է, որ իր կարծիքով՝ երկու հայտարարությունն էլ ուղղված են իշխանություններին: Ըստ նրա՝ երկու հայտարարությունն էլ սխալ է մեկնաբանել իշխանությունը: «Իշխանությունը թրոլինգի է ենթարկում ԵԽԽՎ համազեկուցողներին, և Վենետիկի հանձնաժողովը՝ նախագահողին»,- ընդգծել է Մարուքյանը:
Նա նաև նշել է, որ իշխանությունը վատ ռեյտինգ ունեցող որևէ մեկին հերոս դարձնելու մեծ շնորհ ունի: Արձագանքելով ասվածին՝ «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը նշել է. «Եթե իշխանությունները տաղանդ ունենային վատ ռեյտինգ ունեցող մեկին հերոսացնել, ապա դուք վաղուց հերոս կլինեիք»: Նա ընդգծել է, որ համազեկուցողներն ասել են, որ դատական համակարգի նկատմամբ վստահությունը ցածր է, ԱԺ-ն և կառավարությունը մինչ օրս իրավիճակը հանգուցալուծելու համար գործել են իրավական ընթացակարգերի պահպանմամբ, իսկ կամավոր վաղ կենսաթոշակի մեխանիզմի ներդրման նպատակը 2015 թվականին ընդունված Սահմանադրության ոգին պահպանելն է, և այդ նպատակն արդարացված է:
Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նշել է, որ համազեկուցողների և Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունները սեպագիր արձանագրություն չեն, որ այդքան դժվար մեկնաբանվեն: