Վրացական խորհրդարանի շուրջ ստեղծված կանաչ ցանկապատը, որ երկու մետր բարձրություն ունի, պատճառ է դարձել ընդդիմության երիտասարդական շարժումների և քաղաքական կուսակցությունների ինքնաբուխ գործողությունների համար:
Թբիլիսիի քաղաքապետարանը պնդում է, որ դեռ շատ վաղուց էր որոշել՝ բարեկարգել խորհրդարանական տարածքը, բայց ընդդիմությունը պնդում է, որ ցանկապատն այստեղ է հայտնվել ամիսներ շարունակվող բողոքի ցույցերի պատճառով:
«Ամոթ» երիտասարդական շարժման մասնակիցները, որոնք խորհրդարանի առջև բողոքի ակցիաների հիմնական կազմակերպիչներից են, այսօր պաստառներ են կպցրել կանաչ ցանկապատին, որոնց վրա գրված է՝ «Բիձինայի այգին», «Նրանք ցանկապատել են ոչխարներին», «Իվանիշվիլու հարյուր քառակուսի մետրանոց կարտոֆիլի բոստանը» և այլն:
Շատ շուտով երիտասարդներին միացան նաև մեծահասակ քաղաքական գործիչները:
«Պատը դարձել է ներկայիս կառավարության խորհրդանիշը, քանի որ «Վրացական երազանքը» վերածվել է մի կառավարության, որը պատի ետևում է թաքնվում իր ժողովրդից, երկրում ստեղծված խնդիրներից, փորձում է պատով դադարեցնել իր արևմտյան գործընկերների քննադատությունը: Բայց մոռանում է, որ պատերը երբեք երկար չեն կանգնում, ինչպես՝ իշխանությունները»,- հայտարարել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Դավիթ Բաքրաձեն:
Նա նաև հավելել է, որ կանաչ պատը ոչ մի փոփոխություն չի մտցնի ընդդիմության պլաններում, և բողոքի ցույցերը կվերսկսվեն փետրվարի 4-ից: