Հունվարի 18-ին Եմենի Մարիբ նահանգի ռազմակայանի հրթիռակոծման հետևանքով զոհվածների թիվն այսօր հասել է 116-ի: France Press-ի փոխանցմամբ՝ նույնիսկ այս թիվը դեռ վերջնական տվյալ չէ, որովհետև բազմաթիվ վիրավորներ գտնվում են շատ ծանր վիճակում:
Նշվում է, որ ռազմակայանի վրա հարձակվելիս ներգրավվել են ինչպես հրթիռներ, այնպես էլ անօդաչու թռչող սարքեր: Ընդ որում, հարվածներ են հասցվել ոչ միայն ռազմաբազային, այլև հարակից մզկիթին, ինչի պատճառով քիչ չեն նաև զոհված քաղաքացիական անձինք:
Այս պահին դեռ ոչ մի խմբակցություն պատասխանատվություն չի ստանձնել կատարվածի համար, բայց Եմենի կառավարությունն ու Սաուդյան Արաբիան մեղադրում են իրանամետ ապստամբ հուսիներին: