Կովկասը հայտնվել է ԱՄՆ-Իրան առճակատման խաչմերուկում: Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը տարբեր հարաբերությունների մեջ են թշնամական այս երկու երկրների հետ, սակայն եթե հակամարտությունն ավելի թեժանա, ապա կտուժեն բոլորը: ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին Հարավային Կովկասի երեք երկրների համար հավանական վտանգներին է անդրադարձել ամերիկյան Eurasianet պարբերականը: Հոդվածագիրը նշում է, որ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը վերջապես հանգիստ շունչ քաշեցին, երբ Թեհրանի ու Վաշինգտոնի միջև լարվածությունը թուլացավ:
Այնուամենայնիվ, հակամարտության խորացման մտահոգություն կա, քանի որ աշխարհաքաղաքական լարվածության պահպանումը ստուգում է Իրանի հարևան երկրների հավատարմությունն ու բացահայտում այդ երկրների խոցելի կողմերը:
Գլխացավանքը, սակայն, կապվել է ավիացիոն անվտանգության հետ այն բանից հետո, երբ Իրանը հունվարի 8-ին սխալմամբ խոցել էր ուկրաինական ուղևորատար օդանավը: Բոլոր երեք երկրների ավիաընկերությունները թռիչքներ են կատարում դեպի Թեհրան, և շատ այլ թռիչքներ իրականացվում են Իրանի ու Իրաքի օդային տարածքով:
Eurasianet պարբերականը հայտնում է, որ Թեհրանի ու Վաշինգտոնի միջև լարվածությունը խորացավ այն ժամանակ, երբ շատ իրանցիներ Երևան, Թբիլիսի և Բաքու էին մեկնում Ամանորի տոները նշելու նպատակով:
Վերջին շրջանում իրանցիները զբոսաշրջային ներդրումներ են կատարում Կովկասում՝ ապահովելով մեծ գումարների ներհոսքը բոլոր երեք երկրներ, մասնավորապես զբոսաշրջությունից ավելի շատ կախում ունեցող Հայաստան ու Վրաստան: Ամերիկյան պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանն ու Վրաստանն իրանցիների համար չեղարկել են մուտքի արտոնագրի պահանջը, իսկ իրանցիները, իրենց հերթին, ավելի հաճախ են անշարժ գույք գնում այս երկու երկրների խոշոր քաղաքներում:
Անդրադառնալով Հայաստանին՝ պարբերականը նշում է, որ երկու թշնամի հարևանների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև սեղմված երկիրը մշտապես ջանքեր է գործադրել հարավային հարևան Իրանի հետ տնտեսական ու քաղաքական կապը զարգացնելու համար: Eurasianet պարբերականը հայտնում է, որ Հայաստանի ապրանքաշրջանառությունը համեստ է, սակայն շարունակում է աճել՝ նշելով, որ 2018-ին այն հասել է 350 միլիոն դոլար ռեկորդային ծավալների: Հայաստանը համառորեն չի ցանկանում միանալ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին:
Հարավային Կովկասի երեք երկրներին առավելապես մտահոգում են անվտանգությանն ու քաղաքականությանը վերաբերող խնդիրները:
Թեպետ Կովկասի երեք երկրները որդեգրել են աշխարհաքաղաքական տարբեր ուղղություններ, այնուամենայնիվ բոլորն էլ մտահոգված են այն հանգամանքով, որ Կովկասը կարող է դառնալ լրտեսության և նույնիսկ Իրանի ու ԱՄՆ-ի միջև ռազմական գործողությունների հարթակ: