Լոնդոնում գործող The Syrian Observatory for Human Rights (SOHR) կազմակերպությունը հաղորդել է, որ լույս հունվարի 10-ի գիշերը չորոշարկված ինքնաթիռներ են գրոհել իրանամետ աշխարհազորայինների դիրքերը՝ Սիրիայի և Իրաքի սահմանի վրա ընկած Ալ-Բուքամալ շրջանում:
Ըստ այդմ, զոհվել են Իրաքի պրոիրանական «Ալ-Հաշդ ալ-Շաաբ» խմբավորման առնվազն 8 զինյալ, ճշտվում են պատճառված վնասի չափերը:
Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքը, որ կապված է «Հըզբոլահի» հետ, հայտարարել է, որ հարձակումն իրականացվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ոչնչացվել են Իրաքից Սիրիա շարժվող զինտեխնիկայով լի բեռնատարներ, բայց մարդկային կորուստների մասին, ի տարբերություն The Syrian Observatory for Human Rights-ի, որը նաև զինապահեստների վրա օդային հարձակման մասին է հաղորդել, Al Mayadeen-ը չի հայտնել:
Ի դեպ, SOHR-ը նաև հաղորդել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ նրան հորդորել է՝ փակել Ալ-Բուքամալ սահմանային անցակետը, որի միջոցով իրանամետ ուժերն իրաքյան տարածքից իրանական զենք են ստանում:
Ասադն, իբր, ուշադրություն չի դարձրել այդ հորդորին, իսկ հունվարի 8-ից սկսած՝ այս շրջանում գտնվող թիրախների վրա իսրայելական հարձակման մասին զեկույցները չեն հրապարակվել: Մյուս կողմից՝ զեկույցների չհրապարակումը կապվում է այն բանի հետ, որ բոլորի ուշադրությունը կենտրոնացած էր հիմնականում նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Իրան-Միացյալ Նահանգներ դիմակայության վրա:
Իսրայելական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Թել Ավիվը պատասխանատվություն չի ստանձնել Ալ-Բուքամալի շրջանում պրոիրանական թիրախներ խոցելու համար: Չնայած՝ ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոխավին 2019-ի դեկտեմբերի 25-ին հայտարարել էր, որ Իրանն ակտիվորեն օգտագործում էր Ալ-Բուքամալի մերձակայքում գտնվող սահմանային անցակետը՝ Սիրիայի և Իրաքի միջև զենքի փոխադրման համար, հասկացնելով, որ Իսրայելը չի կարող թույլ տալ նման «տրանսպորտային միջանցքի գոյությունը»:
Դրանից բացի, իսրայելական ImageSat International կազմակերպությունը հրապարակել էր Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Բուքամալ շրջանում տեղակայված Kataib Imam Ali (Իմամ Ալի գումարտակներ), շիական ռազմաբազայի լուսանկարները:
ImageSat International-ը հատուկ ուշադրություն էր դարձրել մոտ 120 մետր երկարությամբ ամրացված ստորգետնյա թունելի վրա, ինչից հետո ամերիկյան Fox News հեռուստաալիքը հաղորդեց, որ այն կարող է նախատեսված լինել՝ որպես իրանական հրթիռների պահեստ:
Վերջերս էլ New York Times-ը հաղորդեց Իրանից Իրաքի տարածք հրթիռների առաքման մասին, որոնք, իբր, նահատակ գեներալն անձամբ էր տեղ հասցնում, որոնցով հնարավորություն էր ստեղծվում թիրախներ խոցել Իսրայելում և Սաուդյան Արաբիայում, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմակայաններում:
Այսպիսով, ըստ SOHR-ի, ամփոփվում են 2020-ի հունվարին Սիրիայի և Իրաքի սահմանին պրոիրանական ուժերի դեմ իրականացված օդային հարձակումները, որոնք, ինչպես արդեն նշվեց, Իսրայելի հեղինակմանն են վերագրվում:
2020-ի հունվարի 10
Չորոշարկված ռազմական ինքնաթիռները հարձակվել են իրաքա-սիրիական սահմանի Ալ-Բուքամալի տարածքում գտնվող իրանամետ աշխարհազորայինների դիրքերի վրա:
2020-ի հունվարի 9
Չորոշարկված ռազմական ինքնաթիռները հարձակվել են իրաքա-սիրիական սահմանի Ալ-Ջալա և Ալ-Աբբաս տարածքի թիրախների վրա:
2020-ի հունվարի 8
Չորոշարկված ինքնաթիռները հարձակվել են իրաքա-սիրիական սահմանի մոտ գտնվող Ալ-Բուքամալի շրջանում տեղավորված պրոիրանական զինուժի վրա:
2020-ի հունվարի 4
Երկու ռազմական չորոշարկված ինքնաթիռներ գրոհել են Ալ-Բուքամալի տարածքում գտնվող իրանամետ աշխարհազորայինների դիրքերը: Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Հ.Գ. Հիշեցնենք, որ SOHR-ը կապվում է Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ: