Աբխազիայի չճանաչված Հանրապետության նախագահ Ռաուլ Հաջիմբայի մամլո ծառայությունից հայտնել են, որ համապետական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու՝ Գերագույն դատարանի որոշումը կայացվել է օրենքի խախտումներով, ինչը կարող է հանգեցնել քաղաքական իրավիճակի սրման:
«Մենք անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ այդ որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ և կարող է հանգեցնել երկրում ծանր սոցիալ-քաղաքական իրավիճակի սրմանը»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ այս որոշումը կայացվել է այն պայմաններում, երբ գրոհի են ենթարկվել կառավարական շենքերը, գրավվել է նախագահական նստավայրը, պաշարված է Գերագույն դատարանի շենքը: Ընդգծվում է, որ որոշումն անպայման բողոքարկվելու է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռաուլ Հաջիմբան Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևի հետ քննարկել էր Հանրապետությունում տիրող իրավիճակը: Հիշեցնենք նաև, որ հունվարի 10-ին Աբխազիայի դատարանն ապօրինի համարեց 2019-ի աշնանը տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները և Առաջին ատյանի դատարանի որոշումը, որով այդ ընտրությունները օրինակարգ էին ճանաչվել: