ԱՄՆ Պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հայտարարել է, որ ԱՄՆ-ին հաջողվել է որոշակիորեն զսպել Իրանին:
«Կարծում եմ, որ այս փուլում այն հարվածների օգնությամբ, որ կիրառեցեցինք Իրանի դեմ դեկտեմբերի վերջին, նաև մեր գործողություններով գեներալ Սոլեյմանիի նկատմամբ, մենք վերականգնեցինք Իրանի զսպման մակարդակը»,- լրագրողներին ասել է Պենտագոնի ղեկավարը: Մյուս կողմից, CNN-ի վկայությամբ, Էսփերը բավական նյարդային է եղել:
«Բայց տեսնենք՝ ինչ կլինի: Ժամանակը ցույց կտա»,- ասել է Պենտագոնի ղեկավարը և դարձյալ հաստատել, որ Իրանն Իրաքում մտադիր չի եղել սպանել ամերիկյան զինվորականներին:
Գեներալների միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլին, սակայն, իր անհամաձայնությունն է հայտնել վերոնշյալ տեսակետին:
«Ես ինչ-որ բանի հավատում եմ՝ ելնելով իմ տեսածից և իմ գիտելիքներից: Իսկ դրանք ինձ հուշում են, որ Իրանն իր հարվածները նախագծել էր մեզ կառուցվածքային վնաս պատճառելու, զինտեխնիկան, սարքավորումներն ու օդանավերը ոչնչացնելու և անձնակազմին սպանելու համար: Սա իմ անձնական գնահատականն է»,- CNN-ի եթերում պնդեց Միլլին:
Նշենք նաև, որ Բաղդադի երեկվա հարցում էլ են այս երկու գեներալների տեսակետները տարբերվել: Պենտագոնի ղեկավարը գնահատելով Բաղդադի «կանաչ գոտու» հրթիռակոծությունը, հետևյալն է ասել.
«Մենք պետք է ունենանք որոշակի ակնկալիքներ, որ շիաների ոստիկանական խմբերը, անկախ այն բանից՝ հենց այդ պահին կղեկավարվեն Իրանից, թե՝ ոչ, այս կամ այն կերպ, կփորձեն խաթարել մեր ներկայությունը»,- ասել է Էսփերը:
Իսկ ահա Գեներալների միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլին համոզված է, որ «ԱՄՆ-ը բավարար պաշտպանության միջոցներ չի ձեռնարկել Իրաքում»: