ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությանը:
Արարատ Միրզոյանը կրկին ընդգծել է, որ հայ և ռուս ժողովուրդներին կապում է դարերի բարեկամությունն ու եղբայրությունը, և հայ-ռուսական հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ:
Միրզոյանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունների առանցքային ուղղությունը միջխորհրդարանական համագործակցությունն է, որտեղ առանձնացրել է երեք հարթակ՝ խորհրդարանական հանձնաժողովների համագործակցությունը, մշտական հանձնաժողովների համատեղ նիստերը և արդյունավետ համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում:
.jpg)
ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ այդ հարթակներում ծագող խնդիրներն անհրաժեշտ է լուծել համատեղ ջանքերով, նաև նշել է, որ ակնկալում են ռուս գործընկերների աջակցությունը՝ մի քանի մարմիններում Հայաստանի առաջադրած թեկնածուների ընտրության հարցում:
Կոնստանտին Կոսաչովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Արարատ Միրզոյանին փոխանցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ողջույնները: Նա հայտնել է, որ Վալենտինա Մատվիենկոն պատրաստվում է այցելել Հայաստան, և անհրաժեշտ է միայն հստակեցնել այցի ժամկետները:
Կոնստանտին Կոսաչովն Արարատ Միրզոյանի նշած համագործակցության երեք ուղղություններին հավելել է նաև խորհրդարանների ղեկավարների մակարդակով պարբերական շփումները, որոնք խթան են՝ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համատեքստում:

Կոնստանտին Կոսաչովն արձանագրել է հայ գործընկերների հետ ունեցած համագործակցության բարձր մակարդակը, ընդգծել, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից և խորհրդարանի կազմի փոփոխությունից հետո աշխատանքները շարունակվել են առանց դադարների, ինչը գոհացուցիչ է և վկայում է միասնական օրակարգով աշխատելու փոխադարձ հետաքրքրվածության մասին:
Նա նշել է, որ ՌԴ-ն ՀՀ-ի հետ համագործակցում է միջազգային 7 հարթակներում, ինչը ռեկորդային թիվ է, և Ռուսաստանի Դաշնությունը ոչ մի երկրի հետ համագործակցության այդքան հատման կետեր չունի, որքան Հայաստանի հետ:
Կոնստանտին Կոսաչովը հավաստիացրել է, որ ՌԴ-ն միջազգային կառույցներում պատրաստ է աջակցելու Հայաստանի Ազգային ժողովի առաջադրած թեկնածուներին: Նա շնորհակալություն է հայտնել՝ իրենց այցը հրաշալի կազմակերպելու համար և առաջարկել երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների տարեկան երկու համատեղ նիստ գումարել, որոնցից հաջորդը տեղի կունենա Մոսկվայում: