Թուրքիայի խորհրդարանի 5 խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ խստորեն դատապարտում են ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:
Նշվում է, որ բանաձևը «խեղաթյուրում է պատմական փաստերը և խախտում միջազգային իրավունքի հիմնարար նորմերը»: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ բանաձևն անվավեր է պատմության և իրավունքի տեսանկյունից, ինչպես նաև թուրք ժողովրդի և միջազգային հանրության կարծիքով:
Խմբակցությունների պնդմամբ՝ բանաձևը Թուրքիայի դեմ «կեղտոտ խաղի մի մասն է»: Երկրի խորհրդարանը պատմաբաններին կոչ է արել մանրակրկիտ ուսումնասիրել 1915-ի իրադարձությունները՝ իրազեկելով համաշխարհային հանրությանը դրանց արդյունքների մասին՝ հիշեցնելով, որ Թուրքիան բացել է իր արխիվները բոլոր հետազոտողների, այդ թվում՝ հայերի համար:
Փաստաթուղթը ստորագրել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության, «Ժողովրդահանրապետական» կուսակցության, քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության, «Ազգային շարժում» և «Բարի» կուսակցությունների ներկայացուցիչները: