Ուրբաթ՝ դեկտեմբերի 6-ին, Գազայի հատվածի արևելյան սահմանում մեկնարկեց պաղեստինյան «Վերադարձի իրավունք» ուրբաթօրյա երթը, որը տևական ժամանակ չէր կազմակերպվում՝ կոռուպցիոն գործերով անցնող Իսրայելի վարչապետի ջրաղացին ջուր չլցնելու բացատրությամբ:
Իսրայելական ՑԱԽԱԼ-ը հայտնել է, որ երթին մասնակցել են մոտ 4,200 ակտիվիստ, որոնցից ոմանք բոցավառ հեղուկով լի շշեր են նետել իսրայելական զինվորականների ուղղությամբ, ուրիշներն էլ ինքնաշեն պայթուցիկ սարքեր են գործի դրել:
Արդեն պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի ներկայացմամբ՝ իսրայելցի զինվորների գործողությունների հետևանքով վիրավորվել են ակցիայի 37 մասնակիցներ, նրանց թվում՝ «Կարմիր մահիկ»-ի կամավորը:
Հիշեցնենք, որ վերոնշյալ երթերը Գազայում անցկացվում են 2018 թվականի մարտի 30-ից: Այս գործողությունների ընթացքում սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով, Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, սպանվել է ազգությամբ արաբ 362 բնակիչ, ավելի քան 30 հազարը վիրավորվել են: