Ինչպես արդեն հայտնել էինք, Պաղեստինի Ինքնավարության ղեկավարությունը նոյեմբերի 26-ը հայտարարել էր «Զայրույթի օր»՝ ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այն հայտարարության, թե պաղեստինյան տարածքներում իսրայելական բնակավայրերը չեն կարող համարվել անօրինական:
Ի պատասխան դրա՝ իսրայելական բանակն իր զորքերը բարձր պատրաստվածության էր բերել Հուդայում և Սամարիայում:
MAAN գործակալության փոխանցմամբ՝ համարյա բոլոր բնակավայրերում դաժան ընդհարումներ են եղել պաղեստինցիների և հրեական իրավապահների միջև: Ընդ որում, տարբեր ԶԼՄ-ներ տարբեր թվեր են ներկայացնում վիրավորների առնչությամբ, բայց «Կարմիր խաչ»-ը 77 վիրավորի մասին է տեղեկացնում:
Մի շարք անցակետերում երիտասարդները քարեր, փայտեր, դյուրավառ հեղուկ են նետել, և բանակը տարբեր միջոցներ է օգտագործել ցույցերը ցրելու համար՝ ներառյալ ռետինե փամփուշտները: Հուդայում ու Սամարիայում անվադողեր այրելու հետևանքով առաջացած հրդեհները դժվարությամբ են հանգցվել:
«Պետքարտուղարի հայտարարությունը արաբա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման դագաղին վերջին մեխը խփելու պես էր: Թրամփի խաղաղության նախաձեռնությունը մեռած է, մենք ի սկզբանե էինք ասում, որ այն դատապարտված է ձախողման, իսկ այժմ, Պոմպեոյի հայտարարությունից հետո, այլևս խոսելիք չկա, թեև, մենք միշտ հայտարարել ենք Իսրայելի հետ բանակցելու մեր պատրաստակամության մասին»,- հայտարարել է Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը:
Հետաքրքիր է, որ ՀԱՄԱՍ-ի պաշտոնական կայքէջը՝ «Պաղեստինյան տեղեկատվական կենտրոն»-ը, մինչև այս ժամը ոչինչ չի հայտնում Գազայում տեղի ունեցածի մասին: Պարզ չէ՝ Գազայում ցույց եղել է, թե՝ ոչ: