ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հարցին ի պատասխան՝ կառավարության ղեկավարն անդրադարձավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և շեյխ ներդրողների հանդիպմանը: Վարչապետը հաստատեց՝ Գագիկ Ծառուկյանից զանգ ստացել է, ապա քաղաքապետին է զանգել:
«Նրանք ասել են՝ Երևանի կենտրոնում հող ենք ուզում բիզնես դնելու համար: Քաղաքապետն ասել է, որ ձեր նշած տարածքում Երևանի քաղաքապետարանի տիրապետության տակ հող չկա: Մասնավորը գուցե ունենա, պետք է գնել: Քաղաքապետն ասել է՝ ես ենթադրում եմ, որ այս խոսակցությունը ձեզ էլ հետաքրքիր չէ, որովհետև անընդհատ հեռախոսով եք խոսում, ես էլ ավարտեցի, ցտեսություն: Եվ ես կարծում եմ՝ քաղաքապետը ճիշտ է արել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով վերջին շրջանում ԲՀԿ ներկայացուցիչների բողոքներին՝ կապված ներդրումային միջավայրի խնդրին՝ Փաշինյանն ավելացրեց, որ դա ժամանակագրորեն համընկել է Քննչական կոմիտեում «Մուլտի գրուպ» ընկերության ղեկավարին Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում շատ խոշոր չարաշահումներ թույլ տալու համար մեղադրանք առաջադրելուն:
«Ես ուզում եմ ասել, որ Հյուսիս-հարավ նախագիծը ներդրումային շատ լավ միջավայր է եղել: Բայց այդ նախագիծը բռնել են որպես կթու կով, կթել են՝ ով հասել է: Հիմա մենք նրանց ձեռքի թաթիկները կտրում ենք հատ-հատ և շարունակելու ենք կտրել: Որևէ մեկը թող չմտածի, թե ՀՀ դրոշի, պետականության, ինքնիշխանության, պետական արժանապատվությանը կարող է իր կեղտոտ թաթիկներով կպնել: Կկտրենք բոլորի թաթիկները»,- ի պատասխան՝ ասել է վարչապետը: