«Աջակցություն փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման» ծրագրի ղեկավարները հայտարարել են՝ առաջիկայում շարունակելու են անհրաժեշտ քայլերը Հայաստանում դատաիրավական համակարգի, տեղակատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, նորարարության ոլորտներին:
2016-2019 թվականներին 6 միլիոն 400 հազար եվրո է տրամադրվել մի շարք ոլորտներում`աճ ապահովելու նպատակով: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը հայտարարելով ծրագրի շարունակության պատրաստակամության մասին՝ գնահատել է հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող ու նախատեսվող փոփոխությունները: «Լուրերի» հարցին ի պատասխան ասել է՝ հեղափոխությունից հետո Հայաստանում ակնհայտ է բավականին լավ առաջընթացը. «Դուք ունեք շատ հավակնոտ բարեփոխումների ծրագիր: ԵՄ-ը մինչ այժմ արել է բավականին շատ գործ, և պատրաստակամ է անել ավելին՝ բարեփոխումներին աջակցելու նպատակով: Եվ ամենահիմնական հարցերից է փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանն աջակցելը: Մենք հետևում ենք կառավարության նախընտրություններին: Շուտով կսկսենք մեծ ծրագրեր՝ կապված ինովացիայի, տուրիզմի, գյուղատնտեսության հետ: Շատ անելիք կա, և այո. մենք կշարունակենք համագործակցությունը»:
ԵՄ փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության ծրագրի ղեկավար Էվա Նեհերը «Լուրերի» հետ զրույցում ներկայացրել է առաջիկայում նախատեսված նոր ծրագրերի ուղղությունները. «Մենք ունենք նոր ծրագրեր, որոնք առավելապես կենտրոնացած են տուրիզմի և նորարարության վրա: Եվ այս ինովացիոն հատվածը կշարունակվի ՝ աջակցելով տեխնոլոգիական ոլորտի ներդրումներին, ստարտափներին»: Ըստ Էվա Նեհերի, Եվրահանձնաժողովը տվել է համաձայնություն՝ Հայաստանում սկսած գործով ավելի մեծ արդյունքների հասնելու համար.
«4 տարում դու կարող ես սկսել, նախաձեռնել, մենք տեսնում ենք հաջողություներ, բայց շատ լավ է, որ կշարունակվի, կխորանա և կունենա կայուն զարգացում: Անցած 4 տարում 10 հազար ընկերություն ստացել է տարբեր տեսակի աջակցություն՝ ԵՄ-ից»,-նշել է նա: