Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը, որն առաջին անգամ հեռարձակվում է ՀՀ-ից:
Հեռուստամարաթոնին տեսաուղերձով է հանդես եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Բարի օր, իմ սիրելի հայրենակիցներ: Հայրենակիցներ, որ ապրում եք Երևանում, ապրում եք Գյումրիում, Շուշիում և Ստեփանակերտում, Փարիզում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բուենոս Այրեսում, Բեյրութում և Դամասկոսում, և Հալեպում, ընդհանրապես՝ աշխարհով մեկ: Մեր բոլոր հայրենակիցներին իմ ողջույնն եմ հղում այս Նոր տարվա շեմին:
Հույս ունեմ, որ բոլորս միասին մասնակցում ենք Համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին: Մասնակցում ենք, որովհետև, ըստ ավանդույթի, յուրաքանչյուր տարի, տարվա վերջում, երբ մեզնից յուրաքանչյուրը սկսում է մտածել իր օջախի մասին, սկսում է մտածել իր ապրած տարվա մասին, հաջողությունների մասին, դժվարությունների մասին, սխալների մասին, որոնք պետք է անպայման մյուս տարի շտկի, ապագա հաջողությունների մասին է մտածում, իհարկե, և իր ծնողների և երեխաների մասին է մտածում, շատ կուզենամ, որ տարվա ավարտին, երբ որ բոլորս պատրաստվում ենք նշելու և՛ Նոր տարին, և՛ Սուրբ Ծնունդը, մտածենք մեր հայրենակիցների մասին:
Չեմ ուզում կրկնել, չեմ ուզում դիմել մեր մեծ բանաստեղծին, որ, իհարկե, ասել է, որ մեր ուժն իրական մեր միասնության մեջ է, որովհետև մեզնից յուրաքանչյուրը բանաստեղծի հետ միասին, բանաստեղծից առաջ, բանաստեղծի ժամանակ, և այսօր, և վաղը, և ընդհանրապես՝ շատ լավ գիտենք, որ իրոք՝ մեր ուժը, մեր ապագա հաղթանակները ձուլվելու են միայն մեր միասնականությամբ…երբ որ մտածում ենք բոլորս միասին՝ օգնել նրանց, որոնք մեր օգնության կարիքն ունեն:
Իսկ այդ օգնության կարիքն ունեն մեր շատ հայրենակիցներ՝ մեր երկու հանրապետություններից…եկեք չմոռանա՛նք այն բոլոր հայերին, որոնք այսօր դժվարության մեջ են…և մեր օգնությունը տրամադրենք այն բոլոր ծրագրերին, որ Հիմնադրամը ծրագրում է անել 2020 թվականին…
Ինձ համար մեծ պատիվ է այսօր, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, լինել այդ Հիմնադրամի նախագահը նաև, և աջակցել հիմնադրամին, խորհուրդներ տալ, մասնակից լինել, և նաև, իհարկե, որ շատ ավելի կարևոր է՝ իմ կողմից այս պահին դիմել ձեզ…
Անելիքները շատ են, անելիքները շատ են և՛ Հայաստանի հանրապետության կառավարության համար, և՛ առանձին մարզպետարանների, քաղաքապետարանների համար, բայց անելիքները շատ են նաև ձե՛զ համար...կրկին դիմում եմ ձեզ, խնդրում եմ, ձեր աջակցությունը բերեք մեր հայրենակիցներին, որոնք այսօր կարիքի մեջ են…հիշեք, որ Հայաստանը երկու հանրապետություն է, և այդ երկու հանրապետությունները Հայրենիք են: Մաղթում եմ ձեզ և մեզ բոլորիս՝ շատ հաջող հեռուստամարաթոն: Կրկին բերեք ձեր սերը և ձեր աջակցությունը նրանց, որոնք դրանց կարիքն ունեն»,- իր տեսաուղերձում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: