Հաշվի առնելով Երևան քաղաքի շենքների և շինությունների հասցեները և համարակալման ցուցանակները միասնական տեսքի բերելու անհրաժեշտությունը՝ Երևանի քաղաքապետարանը հայտարարում է անհատույց բաց մրցույթ: Երևան քաղաքում շենքերի և շինությունների հասցեների և համարակալման ցուցանակների նախագծի մրցույթին կարող են մասնակցել ճարտարապետներ, նկարիչներ, դիզայներներ և գովազդային կազմակերպություններ, որոնք առնչություն ունեն նմանատիպ աշխատանքների իրականացման հետ:
Մրցույթի պայմաններն են.
մշակել ցուցանակների արտաքին տեսքի ձևավորման նախագիծ, որը համահունչ կլինի Երևան քաղաքի շենքներին և շինություններին:
Ցուցանակներն իրենց ձևավորմամբ կարող են լինել երկու և ավելի տարբերակներով՝ ինչպես պատմամշակութային հուշարձան շենքերի վրա, այնպես էլ պատմամշակութային հուշարձան չհանդիսացող շենքերի վրա տեղադրելու համար:
Ցուցանակների արտաքին չափերը, պատրաստման համար անհրաժեշտ նյութերը և տեխնիկական այլ հնարավորությունները՝ հեղինակի հայեցողությամբ:
Մրցութային հանձնաժողովին ներկայացվող պարտադիր նյութերն են.
Նախագիծ՝ որում անհրաժեշտ է ներկայացնել ցուցանակի ձևավորումը, արտաքին չափերը (նշելով պատրաստման համար անհրաժեշտ նյութերը և մոտավոր ինքնարժեքը):
Ցուցանակի օրինակը անհրաժեշտ է ներկայացնել Մ 1:1-ի մանրակերտով և/կամ եռաչափ պատկերներով: Բացատրագիր (2 օրինակից):
Անհրաժեշության դեպքում կարելի է ներկայացնել առաջարկը պարզաբանող լրացուցիչ նյութեր:
Լրացուցիչ պայմաններ
Մրցութային առաջարկությունները ներկայացվում են (մինչև 16.12.2019 թ. ժ. 16.00-ն ներառյալ) Արգիշտի 1 հասցեով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն:
Մրցույթի անցկացման և պայմանների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից: Հեռ.՝ 011 514 355:
Մրցույթի արդյունքում հաղթած նախագծի նկատմամբ հեղինակային իրավունքը անցնում է Երևանի քաղաքապետարանին՝ առանց դրա համար հատուկ վարձատրության: