ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Երևան քաղաքում գտնվող թվով 7 հրշեջ- փրկարարական ջոկատներ:
Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էին փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, ինչպես նաև ԱԻՆ այլ պաշտոնատար անձինք: Ցոլակյանի այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ փրկարար ծառայությանը պատկանող շենք-շինություններում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, գնահատել արդեն կատարված աշխատանքների որակը:
Կառավարության 1118-Ն որոշմամբ ԱԻՆ փրկարար ծառայության շենքային ապահովվածության և պայմանների բարելավման, շենքերի, շինությունների կառուցման համար տրամադրվել է 1 մլրդ 173 մլն դրամ գումար: Հատկացված գումարով հիմնանորոգվել են հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը, անցկացվել են ջեռուցման համակարգեր, տեղադրվել են նոր դռներ ու պատուհաններ, ամբողջությամբ փոխվել են էլեկտրական սնուցման համակարգերը, ինչպես նաև իրականացվել են շինարարական այլ անհրաժեշտ աշխատանքներ:
ԱԻ նախարարին տեղում զեկուցում էին նաև շինարարական ընկերությունների ղեկավարները, որոնց հետ նախարարը շրջեց հրշեջ-փրկարարական ջոկատներում և մանրամասն ծանոթացավ կատարված աշխատանքներին: Աշխատանքների մի մասը դեռևս ընթացքի մեջ է և նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ: Նախարար Ցոլակյանն արդեն ավարտված շինարարության որակն ընդհանուր առմամբ գնահատեց բավարար, տվեց որոշ հանձնարարականներ և ցուցումներ:
Հրշեջ-փրկարարների հետ զրույցի ընթացքում նախարարը ծանոթացավ տեղերում առկա խնդիրներին, որոնք վերաբերում էին տեխնիկական ու գույքային հագեցվածությանը, հրշեջ-փրկարարների աշխատանքային պայմաններին և խոստացավ հնարավորինս սեղմ ժամկետում լուծում տալ բարձրացված հարցերին: