Երևանի ընդհանուր իրավասության դատարանում պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի (որի լիազորությունները կասեցվել են) և մյուսների գործով դատական նիստում Սանասարյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան` գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.2-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ վարչապետի` ԱԱԾ-ի կառուցվածքը հաստատելու մասին որոշումը հակասում են Սահմանադրությանը:
Սանասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք ցույց են տալիս, թե իրավական առումով ինչ խնդիրներ կան՝ անկախ այն բանից, դատարանը կբավարարի՞ միջնորդությունը, թե՞ ոչ: «Հանրությանը, իրավագետներին սահմանադրական խնդիր ենք ներկայացնում և հուսով ենք, որ այն իրավական բանավեճ կդառնա»,- ասաց Սանասարյանը:
Սանասարյանը նշեց նաև, որ այս փուլում ևս չի արձագանքելու Արթուր Վանեցյանի հայտարարություններին: «Ես իր հետ բանավեճ չունեմ, առհասարակ ինքն այդ քաշային կատեգորիան չունի, որ իր հետ բանավեճի մեջ մտնեմ»,- ընդգծեց Սանասարյանը: