2020 թվականի Երևանի բյուջեն 2019-ի բյուջեի նկատմամբ զգալի աճ է արձանագրում՝ քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջի տեսանյութում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը: Նրա խոսքով՝ 2019-ի 83 մլրդ 200 մլն դրամ մուտքերի փոխարեն 2020-ին պլանավորվել է 107 մլրդ դրամի մուտք:
«Սեփական եկամուտների կշիռը ընդհանուր համայնքի մուտքերում գնալով աճում է, ինչը բավական մեծ մակրոտնտեսական ցուցանիշ է: Մեր ծախսերը հաջորդ տարի կկազմեն շուրջ 116 մլրդ դրամ, որը 2019-ի համեմատ 25 մլրդ դրամով ավելի է»,- ասել է փոխքաղաքապետը:
Հայկ Սարգսյանն անդրադարձել է ապագա ծրագրերին՝ կանաչապատման նոր մոդելի ներդրում՝ 3,6 մլրդ դրամ արժողությամբ: Պլանավորվում է մեկնարկել լայնածավալ սոցիալական բնակարանաշինության ծրագիր: 1,5 մլրդ դրամ տրամադրվել է բակերի բարեկարգմանը: «Ասֆալտապատման ծավալները ևս կավելանան. միայն 696 մլն դրամի մայթեր են կառուցվելու»,- ասել է նա՝ հավելելով, որ հիմնական ծախսային ուղղություններից է հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքն ավելի մատչելի դարձնելը:
Փոխքաղաքապետը խոսել է նաև մետրոպոլիտենի վերազինման մասին՝ նշելով, որ 20 տարի անց այն կվերազինվի նոր շարժասանդուղքով, նոր շարժակազմերով և վերանորոգված, անվտանգ տեխնիկական միջոցներով: