Ֆելիքս Ցոլակյանն այսօր հայտարարել է, որ չի հավակնում ԱԱԾ տնօրենի պաշտոնին: «Լավ, էլի, չգիտեմ՝ ո՛նց են նման բան գրում, նստում մատին նայում են և ասում՝ բեր գրենք, էդ ես չեմ»,- խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԻ նախարարը:
Նախարարը հիմա ցանկանում է ապացուցել, որ նախկին աշխատակիցների բողոքները, թե ԱԻՆ-ում խախտումներ կան տարբեր ուղղություններով, անհիմն են: Այդ նպատակով առաջարկել է պետական վերահսկողական ծառայությանը համակարգում ստուգումներ անցկացնել:
«Ես եմ խնդրել վարչապետին, որ մեզ մոտ ստուգումներ իրականացնեն: Աշխատանքից ազատել են մարդկանց կամ մարդու, որը բողոքել է, թե իբր նախարարությունում տարբեր ուղղություններով խախտումներ կան: Եվ դրա հիման վրա ես խնդրել եմ, որ գան ստուգեն, պարզեն` եթե կան խախտումներ, պատժեն»,- ասաց Ցոլակյանն ու հավելեց` խոսակցությունները սկսվել են փրկարար ծառայության տնօրենին պաշտոնից ազատելուց հետո: Նախարարը լրագրողներին հայտնեց, որ 6500 հոգանոց կոլեկտիվից միայն 9 մարդ է ստորագրել մի փաստաթղթի տակ, որում նշված է համակարգում խախտումների մասին:
«Ես այդ կառույցում աշխատող բարեկամ, հարազատ չունեմ: Հարազատներն իրեն դիմել են, սակայն ես որևէ մեկին չեմ ընդունել: Ես ընդունել եմ ծանոթների, որոնց ճանաչել եմ, որոնք աշխատանքի անցնելուց հետո բավականին մեծ փոփոխություն են կատարել համակարգում, և որոնց աշխատանքը ես գնահատում եմ շատ բարձր»,-նշեց նախարարը: