ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ մեկնարկել են «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումներ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ելույթում նշել է, որ իր քաղաքական թիմն ընտրական բարեփոխումների մասին սկսել է խոսել դեռ մարտից, համատեղ քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ օր առաջ պետք է կուսակցությունների հետ կապված կարգավորումներ լինեն: Ըստ նրա՝ կա քաղաքական դաշտ ձևավորելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու խնդիր: «Հեղափոխությունից հետո պետք է փոխվեն հաստատված «խաղի կանոններն» առ այն, որ հաղթողը ստանում է ամեն ինչ: Նախկինում չի եղել այնպես, որ մեկ կուսակցությունը համամասնական ընտրակարգով իսկապե՛ս ստանա ձայների մեծամասնություն: Բացառություն են 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այս ԱԺ-ի խնդիրն է վերափոխել հենց այդ «խաղի կանոնները»: Դրա մի մաս է նաև Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունը»,- ասել է Համազասպ Դանիելյանը: