Երևանում մեկնարկել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Այն կընթանա նեղ և ընդլայնված կազմերով։ Նիստին մասնակցում են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ - Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաև՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երևան կժամանի քիչ հետո։ Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին կմասնակցեն նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես ԵԱՏՄ-ում Մոլդովայի դիտորդ պետության կարգավիճակ ունեցող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը՝ որպես պետությունների հրավիրյալ ղեկավարներ։ Օրակարգում ներառված են երրորդ երկրների և միավորումների հետ միջազգային տնտեսական համագործակցության, ֆինանսական քաղաքականության, էներգետիկ և մի շարք այլ հարցեր։ Բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում ծրագրվում է ստորագրել ազատ առևտրի Համաձայնագիր, ինչպես նաև Շրջանակային համաձայնագիր ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև՝ համապարփակ տնտեսական համագործակցության մասին։