ՀՀԿ արտագնա նիստում որոշվել է ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստում՝ Ծաղկաձորում, որոշվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: ՀՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությանը Խորհուրդը միաձայն կողմ է արտահայտվել: Հանրապետականի խորհրդարանական խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը ապրիլի 16-ին:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հավանություն է տալիս Սերժ Սարգսյանի թեկնածությանը։
«Պետական և հասարակական կյանքում բեկումնային փոփոխություններ կատարելու ուղղությամբ առարկայական քայլեր ձեռնարկելու հասարակական պահանջ և ակնկալիք է ձևավորվել, ինչը պարտավորեցնում է բոլորիս։ Մենք գիտակցում ենք, որ հանձնառություն և պատասխանատվություն ենք ստանձնել նոր որակի իշխանություն ձևավորելու, հասարակության մեջ պետության և ապագայի հանդեպ վստահություն ստեղծելու, առաջանցիկ զարգացում, սոցիալական արդարություն, մրցակցային հավասար պայմաններ ապահովելու հարցում և վստահ ենք, որ հաջողելու ենք»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: