Ձերբակալվել է վարկային կազմակերպության մասնաճյուղի կառավարիչը:
Ավելի քան 350 միլիոն դրամի գողության դեպք է բացահայտվել վարկային կազմակերպություններից մեկի Վանաձորի մասնաճյուղում: Այն հարձակման է ենթարկվել երկու անգամ: Նախ 2017թ. դեկտեմբերի 29-ին կազմակերպության դրամապահոցից հափշտակվել են 90 միլիոն դրամի ոսկյա զարդեր ու ձուլակտորներ և գումար: Ամանորի գիշերն էլ մասնաճյուղից 281 միլիոն դրամի գողություն են արել: Գողոնի մեջ 20 կիլոգրամ ոսկի կա: Գողության գործով կասկածյալ է ճանաչվել մասնաճյուղի 36-ամյա կառավարիչը: Նա ձերբակալվել է: Ըստ ոստիկանության՝ 2018թ. հունվարի 1-ի երեկոյան հենց նա՛ է ահազանգել վերջին գողության մասին: Ոստիկանության հրապարակած վարկածի համաձայն՝ կասկածյալը դրամապահոցի բանալու կրկնօրինակը տվել է Երևանում գրանցված 48-ամյա մի քաղաքացու, որն էլ հունվարի 1-ին թալանել է մասնաճյուղը: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: Գողության երկրորդ կասկածյալը որոնվում է: