Մայիսի 16-ին Շերիդան հրապարակում թուրք թիկնազորայինների իրականացրած ծեծուջարդը, պարզվում է՝ եզակի միջադեպ չէ։
Միացյալ Նահանգների մայրաքաղաքում «Օրակարգ»-ի մշտական թղթակիցը՝ «Վաշինգտոն Փոստ» հեղինակավոր պարբերականի էջերին հետաքննել է Էրդողանի թիկնազորի հին ու նոր «քաջագործությունները»: Մայիսի 16-ին Շերիդան հրապարակում թուրք թիկնազորայինների իրականացրած ծեծուջարդը, պարզվում է՝ եզակի միջադեպ չէ։
2011-ին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին Էրդողանի թիկնապահները կռիվ էին սարքել ՄԱԿ-ի անվտանգության աշխատակիցների հետ:
2015-ին երկու անգամ բախվել էին Բելգիայի ոստիկանների հետ՝ Էրդողանի՝ Բրյուսել այցի ժամանակ։
Էկվադորում էլ 2016-ին կոտրել էին պատգամավորներից մեկի քիթը ու մազերից քաշելով հեռացրել կանանց, որոնք հանդգնել էին վանկարկել՝ «Էրդողան, դուրս Էկվադորից»։ «Էրդողանի անվտանգության աշխատակիցները չեն խորշում ծեծել կին ցուցարարներին։ Շերիդան հրապարակում՝ նրանք գետնին էին գցել ու հարվածել եզդի ակտիվիստ Լուսի Ուսոյանի գլխին», - գրում է հոդվածի հեղինակը ու առաջարկում միջոցներ ձեռնարկել Թուրքիայի ղեկավարի ասկյարների համաշխարհային վայրագությունները կանխելու համար։ Հեղինակը նշում է, որ առաջին քայլն արդեն արվել է Գերմանիայում. Էրդողանի հուլիսյան այցի օրերին՝ Համբուրգում կգործի ուժեղացված հսկողություն Էրդողանի թիկնապահների հնարավոր սադրանքները խափանելու համար։ Գերմանիայում կսահմանափակեն նրանց լիազորություններն ու տեղաշարժը։