Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վարում է ցոփ ու շվայտ կյանք` երկրի տնտեսության բոլոր բնագավառներում ունեցած ֆինանսական մասնաբաժինների հաշվին
Ապրիլի 3-ի երեկոյան գերմանական «Զյուդդոյչե ցայտունգ» պարբերականը «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում» կազմակերպության հետ համատեղ հրապարակել է Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների փաստաթղթերի հսկայածավալ ցանկ, որն ակնթարթորեն հեղեղել է միջազգային առաջատար լրատվամիջոցներն ու սոցիալական կայքերը։ Փաստաթղթերում խոսվում է տասնյակ նախկին և ներկայիս պետությունների ղեկավարների մասին, և ինչպես միջազգային մասշտաբի այլ կոռուպցիոն սկանդալներում, այստեղ ևս իր ուրույն տեղն է զբաղեցրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` իր ամբողջ կլանով։ Կոնսորցիումն Ադրբեջանի ղեկավարի մասին՝ որպես ներածական նշում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վարում է ցոփ ու շվայտ կյանք` երկրի տնտեսության բոլոր բնագավառներում ունեցած ֆինանսական մասնաբաժինների հաշվին։ Ալիևների գործարքների մասին պատմող էջին կցված են գաղտնազերծված նամակագրության նմուշներ, որոնք վերաբերում են նշյալ ընկերությունների հայտերի գրանցմանն ու վերաձևակերպմանը։