Արցախի կառավարությունը 2015-ին իր առջև դրված բոլոր պարտավորությունները կատարել է, անկախ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունից և տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի սրացումից: Որոշակի սահմանափակումներ, նաև պահպանման ծախսերի կրճատումներ արվել են, բայց ընդհանուր առմամբ, երկիրն առաջ է շարժվել առանց ցնցումների: Կառավարության տարվա առաջին նիստում Արցախի նախագահը գերատեսչությունների ղեկավարներից պարզաբանումներ է պահանջել իրականացվող շինարարության որակի, ջրամատակարարման ծրագրի ավարտի, բերքի իրացման կորուստների վերաբերյալ: Իսկ սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության թեմայով Բակո Սահակյանը լսել է նաև 4-րդ իշխանության ներկայացուցիչներին՝ առաջարկելով, ոլորտում առկա բացերի վերացման խնդրում ակտիվացնել ջանքերը և բարձրացնել հասարակական գիտակցությունը:
2016թ-ին կանխատեսվում է 8-ից 9 տոկոս տնտեսական աճ: Դրան կարող է նպաստել Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցումը: Դրանից արդյունավետ օգտվելու նպատակով Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել կառավարությանը:
Երկրի պետբյուջեի 70 տոկոսը նպատակաուղղվում է սոցիալական բնույթի ծրագրերին: Առողջապահական ոլորտի գումարները ավելացվել են 450 մլն դրամով՝ կազմելով 5 մլրդ 950 մլն դրամ:
Բոլոր միջազգային կանխատեսումներով, տարին լարված է լինելու, ինչը չի կարող չանդրադառնալ նաև Արցախի տնտեսության վրա: Բակո Սահակյանը կառավարությանը հորդորեց ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումները՝ հնարավոր բացասական հետևանքները մեղմելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում