Անօդաչու թռչող սարքերի հավաքման ռուսական ձեռնարկություններում, այդ թվում՝ «Ալաբուգայում», աշխատում է մինչև 25 հազար հյուսիսկորեացի: Այս մասին ասված է ԿԺԴՀ-ի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների պահպանմանը հետևող բազմակողմ մոնիթորինգային խմբի (MSMT) զեկույցում։ Փաստաթուղթն ուսումնասիրել է, թե ինչպես է երկիրը, չնայած արգելքին, օգտագործում արտերկրում իր քաղաքացիների աշխատանքը:
MSMT-ն մեջբերում է ուկրաինական հետախուզության տվյալները, որոնք ցույց են տալիս, որ 2025 թվականի նոյեմբերին միայն «Ալաբուգայում» աշխատանքի է վերցվել մոտ 12000 հյուսիսկորեացի։ Պարզվել է նաև, որ հյուսիսկորեացիները տարեկան մոտ 7500 դոլար են վաստակում Ռուսաստանի նման օբյեկտներում, ինչը հինգ անգամ ավելի է, քան այն եկամուտը, որը նրանք կարող են վաստակել Չինաստանում։
Դա Ռուսաստանը դարձնում է ավելի շահավետ ուղղություն. զեկույցի համաձայն՝ 2025 թվականի վերջին Չինաստանում աշխատում էր 20-70 հազար հյուսիսկորեացի, մինչդեռ Ռուսաստանում՝ 15-30 հազար։
Միջազգային արգելքը շրջանցելու համար Ռուսաստանը Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին ուսումնական վիզաներ է տրամադրում։ 2025 թվականին այդ երկրում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը ավելի քան 35 հազար նման վիզա է տրամադրել, հայտնել Է MSMT-ն։ Ընդ որում, ԿԺԴՀ-ի իշխանությունները վերցնում են իրենց քաղաքացիների վաստակած գումարի մեծ մասը:
Այսպիսով, զեկույցի համաձայն՝ Հյուսիսային Կորեան 2025 թվականին ստացել է լրացուցիչ 800 միլիոն դոլարի եկամուտ։ Այդ միջոցներն օգտագործվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից արգելված միջուկային և հրթիռային ծրագրերի մշակման համար։