Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հաջորդ եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ Արաբական Միացյալ Էմիրություններում, Թուրքիայում կամ Շվեյցարիայում՝ աշնանը: Նրա խոսքով՝ նաև մտադիր է սեպտեմբերի երկրորդ կեսին հանդիպել Դոնալդ Թրամփի հետ: Օրակարգային հիմնական հարցը պետք է լինի հանրապետության օդային պաշտպանությունը:
Խոսելով Սպիտակ տան ներկայացուցիչների հետ հանդիպման մասին՝ Զելենսկին տեղեկացրել է, որ ամերիկյան խաղաղության փաթեթը «շատ լավ» նոր գաղափարներ է պարունակում: «Սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք այդ առաջարկները կհաջողվի իրականացնել և արդյունքի հասնել։ Կիևը կուսումնասիրի դրանք և կձևավորի սեփական դիրքորոշումը»,- հավելել է Ուկրաինայի նախագահը: Զելենսկին պնդել է, որ Կիևը բանակցային ամուր դիրքում է, իսկ Ռուսաստանը մեծ կորուստներ է տանում և չնչին ձեռքբերումներ ունի:
Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ ամերիկյան թիմի առաջնային նպատակներից են ձմռանն ընդառաջ իրավիճակի լիցքաթափման տարբերակներ գտնելը և Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների վերսկսմանը նպաստելը: Սթիվ Ուիթքոֆն էլ հայտարարել է, որ բանակցություններում նշանակալի առաջընթաց կա, և մոտ ապագայում, հնարավոր է, Վաշինգտոնի մասնակցությամբ եռակողմ հանդիպում կազմակերպվի: