ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայիս քաղաքականությունն Իրանի նկատմամբ ռազմական գործողություններից զերծ մնալն է և Իրանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելը՝ ծովային շրջափակման և նոր պատժամիջոցների միջոցով, ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Axios-ի մի աղբյուրի համաձայն, այս քաղաքականությունը կշարունակվի առնվազն մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որից հետո կարող է քննարկվել նոր ռազմական արշավի հարցը։ Կայքի աղբյուրներից մեկն էլ նշել է, որ չնայած Ռուբիոն հստակեցրել է, որ ԱՄՆ-ն չի պլանավորում վերադառնալ լայնածավալ ռազմական գործողությունների, բայց և չի բացառել հարվածների հնարավորությունը, եթե Իրանն առաջինը հարձակվի։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թոմի Պիգոթը հայտարարել է, Վաշինգտոնը շուտով կսկսի կոնկրետ միջոցներ ձեռնարկել Իրանի տնտեսության վրա ճնշումը մեծացնելու համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն արդեն պարզել է, թե որ կազմակերպություններն են այս կամ այն կերպ օգնում Իրանի իշխանություններին լուծել իրենց ֆինանսական խնդիրները։
Երեքշաբթի ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը զգուշացրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է երկրորդային պատժամիջոցներ կիրառել Իրանի հետ որոշակի առևտրային գործարքներ իրականացնող կողմերի նկատմամբ: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն մյուս երկրներին կտեղեկացնի, թե որքան ժամանակ է նրանց հատկացվելու Թեհրանի հետ այս կամ այն փոխգործակցությունն ավարտելու համար: