TRIPP նախագծի վերաբերյալ Հայաստանի կառավարությունը բավականին թափանցիկ է եղել այս ամբողջ ընթացքում և միշտ ներկայացրել է, թե գործընթացի վերաբերյալ ինչ է ընթանում: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՔՊ խմբակցության կողմից արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի մտահոգություններին:
Նրա խոսքով՝ պատգամավորի բոլոր հարցերի պատասխանները, ըստ էության, տրված են ՀՀ-ի և Միացյալ Նահանգների միջև TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում:
«Համաձայնագիրը շատ մոտ ապագայում կգա խորհրդարան, և մենք այն կվավերացնենք, որից հետո գործընթացը կմտնի իրավական ուժի մեջ: Կարծեմ սեպտեմբերին ՍԴ-ում է քննարկվելու»,- տեղեկացրեց Խանդանյանը:
Նրա խոսքով՝ TRIPP-ը ոչ միայն երկաթուղի է, այլև ճանապարհ, այլ տիպի ենթակառուցվածքներ, որոնց նկատմամբ Հայաստանը պահպանելու է իր ինքնիշխանությունը և իրավազորությունը, իսկ այս պահին ընթանում են տեխնիկական ուսումնասիրությունները, իրագործելիության ուսումնասիրությունները:
Խանդանյանը հիշեցրեց՝ ԱՄՆ-ում ստեղծվել է հիմնադրամ, որը ներդրումներ է կուտակում նախագծի իրականացման համար:
«Լիահույս եմ, որ մոտ ապագայում մենք արդեն կտեսնենք շինարարական աշխատանքներ, որոնք կլինեն շատ կարևոր»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Գալստյանի հարցին՝ դա սպառնալի՞ք է, թե անվտանգության երաշխիք, պատասխանեց՝ միանշանակ, անվտանգության երաշխիք է: