Ի պատասխան ամերիկյան նոր հարվածների՝ Իրանը կրկին թիրախավորել է Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան ռազմաբազաները և օբյեկտները: Մասնավորապես, Քուվեյթում հարված է հասցվել Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգի, Բահրեյնում՝ ամերիկյան բանակի համար նախատեսված վառելիքի պահեստի: Կատարում էլ, ըստ իրանական կողմի, թիրախավորվել է արբանյակային ալեհավաք:
Հուլիսի 8-ին Իրանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Իրանի դեմ գործողություններում տարածաշրջանի երկրների կողմից ցանկացած աջակցություն կդիտարկվի որպես հանցակցություն:
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ամերիկյան հարվածներն անպատասխան չեն մնա:
«ԱՄՆ-ը դեռ չի հասկացել, որ ճնշումներն ու խոստումների դրժումն այլևս չեն մնում առանց հետևանքների։ Թույլ տվեք հստակեցնել. եթե դուք հարվածեք, պատասխան հարված կստանաք։ Անիմաստ քայլեր մի՛ արեք, այլապես ավելի խոր կընկղմվեք: Հորմուզի նեղուցը կվերաբացվի միայն Իրանի կողմից սահմանված պայմաններով, ոչ թե ԱՄՆ-ի սպառնալիքների ներքո»,- նշել է Ղալիբաֆը: