ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավարկության վերականգնման հարցի լուծումը դաշինքի առաջնահերթությունների ցանկում չէ, բայց ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել։ Նա նշել է, որ եվրոպական երկրները, օրինակ, կարող են աջակցել Միացյալ Նահանգներին՝ նեղուցի ականազերծման գործում։
«Սա ՆԱՏՕ-ի տարածքից դուրս է։ Սակայն մենք ունենք Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի օրինակը, որոնք համակարգում են ջանքերն ազգային մակարդակով», - ասել է նա մամուլի ասուլիսում։
Ռյուտեն հիշեցրել է, որ մի քանի երկիր նավեր է տեղակայել Հորմուզի նեղուցում նավարկության ազատության վերականգնման գործողություններին հնարավոր մասնակցության նպատակով։
Դաշինքի գլխավոր քարտուղարը նաև հայտնել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Եվրոպայի ջանքերին՝ Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելու համար, չնայած այդ հարցը դաշինքը դեռևս չի քննարկում: