Աշխարհի ամենամեծ թանգարանի նոր տնօրեն Քրիստոֆ Լերիբոն առաջին անգամ հրապարակավ խոստովանել է, որ Լուվրը վատ վիճակում է, լուրջ խնդիրներ կան: Սենատում ելույթ ունենալով՝ նա հայտարարել է. «Կարելի է անկեղծորեն ասել. չնայած իր ամբողջ գեղեցկությանն ու վեհությանը, չնայած իր աշխատակիցների ամենօրյա նվիրվածությանը՝ Լուվրը վտանգի տակ է»,- նրա խոսքը մեջբերում է Le Figaro թերթը:
Լերիբոն նշել է, որ թանգարանի սարքավորումներն ու ենթակառուցվածքները դառնում են ոչ պիտանի, հրատապ են դարձել շինարարական աշխատանքները, իսկ ներդրումները խնդիր են: Առաջիկայում նախատեսված է թանգարանի թևերից մեկի վերանորոգումը, որի համար ստիպված կլինեն տեղափոխել ավելի քան 10 հազար ցուցանմուշ:
Լուվրի տնօրենը նշել է, որ թանգարանը 2027 թվականից սկսած կհագեցվի նոր տեսահսկման համակարգով և խոստացել է լուծել անհետաձգելի խնդիրները։
Պարբերականը հիշեցնում է, որ անցյալ տարի Լուվրը կողոպուտի ենթարկվեց։ 2025 թվականի հոկտեմբերի 19-ին չորս հոգուց բաղկացած խումբը թանգարանից գողացավ 88 միլիոն եվրո արժողությամբ ութ ոսկերչական իր։ Այժմ չորս կասկածյալ կալանավորված է, բայց գողացված զարդերը դեռ չեն հայտնաբերվել:
Բացի այդ, վերջին տարիներին Լուվրը բազմիցս բախվել է ջրհեղեղների։ 2025 թվականի նոյեմբերին հիդրավլիկ համակարգում, որի շնորհիվ ջեռուցվում և օդափոխվում է Լուվրը, տեղի էր ունեցել ջրի արտահոսք։ Կեղտոտ ջրով էր լցվել եգիպտական հնությունների սրահի գրադարանը, վնասվել էր 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի մոտ 300-400 աշխատանք։